Հայկական դրամի էվոլյուցիան
ՀՀ դրամանիշերի ներդրումը
1993 թ․ նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց ազգային արժույթը՝ դրամը։ Շրջանառության մեջ մտան ՀՀ առաջին շարքի թղթադրամները՝ 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով, որոնք մինչև 1994 թ․ մարտի 17-ը շրջանառվում էին խորհրդային ռուբլու հետ զուգահեռ և փոխանակվում 1 դրամը 200 ռուբլու դիմաց փոխարժեքով։ 1994–1995 թթ․ թղթադրամների շարքը համալրվեց 1000 և 5000 դրամանոց թղթադրամներով։ ՀՀ առաջին շարքի թղթադրամների վրա պատկերված են Հայաստանի պատմական, ճարտարապետական և մշակութային նշանակալի կոթողներ։
1994 թ․ շրջանառության մեջ դրվեցին 10, 20, 50 լումա և 1, 3, 5, 10 դրամ անվանական արժեքով ՀՀ առաջին մետաղադրամները՝ պատրաստված ալյումինե համաձուլվածքից։
ՀՀ դրամանիշերի արդիականացումը
ՀՀ թղթադրամների երկրորդ շարքը, որում տեղ են գտել 50-ից մինչև 100 000 դրամ անվանական արժեքով թղթադրամները, ներկայացվել է սկսած 1998 թ․։ Փոխվել է դիզայնի հայեցակարգը․ այս շարքի թղթադրամների վրա պատկերվել են Հայաստանի մշակույթի և պատմական ժառանգության մեջ նշանակալի հետք թողած առավել հայտնի անձանց դիմանկարները․ կոմպոզիտոր Արամ Խաչատրյան (50 դրամ), աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյան (100 դրամ), ճարտարապետ Ալեքսանդր Թամանյան (500 դրամ), գրողներ Եղիշե Չարենց (1000 դրամ), Հովհաննես Թումանյան (5000 դրամ), Ավետիք Իսահակյան (10 000 դրամ), նկարիչ Մարտիրոս Սարյան (20 000 դրամ):
2001 թ․ թողարկվել է 50 000 դրամ անվանական արժեքով հոբելյանական թղթադրամ՝ ի նշանավորումն Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի։ 2009 թ․ շրջանառության մեջ է դրվել 100 000 դրամ անվանական արժեքով թղթադրամը՝ Աբգար V թագավորի պատկերով։
Այս թղթադրամների տպագրության որակը համապատասխանեցվել է միջազգային չափորոշիչներին, իսկ վերատպագրություններ իրականացնելիս ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար կատարելագործել է թղթադրամների պաշտպանական հատկանիշները։
2003-2004 թթ․ ներդրվել են 10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով նոր մետաղադրամներ՝ պատրաստված տարբեր մետաղների համաձուլվածքից, որոնք շրջանառության մեջ են առայսօր։
ՀՀ թղթադրամների ժամանակակից շարք
2018 թ․ նոյեմբերի 22-ին՝ հայկական դրամի ներդրման 25-ամյակի կապակցությամբ, ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է թղթադրամների երրորդ շարքը։ Այս շարքի թղթադրամներն ունեն պաշտպանական առաջատար հատկանիշներ և տպագրված են դիմացկուն կոմպոզիտային հումքի վրա։ Նոր թղթադրամները համալրվել են 2000 դրամ անվանական արժեքի թղթադրամով՝ արժույթի օպտիմալ կառուցվածքն ապահովելու նպատակով: Շարունակելով թղթադրամների վրա հայ ականավոր ներկայացուցիչների պատկերման ավանդույթը, շարքում ներկայացված են․ բանաստեղծ Պարույր Սևակ (1000 դրամ), շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյան (2000 դրամ), գրող Ուիլյամ Սարոյան (5000 դրամ), Կոմիտաս վարդապետ (10 000 դրամ), ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկի (20 000 դրամ), և Գրիգոր Լուսավորիչ (50 000 դրամ)։ Այս թղթադրամներն առանձնանում են վառ և լավ տեսանելի պաշտպանական հատկանիշներով, ինչը հեշտացնում է հանրության կողմից դրանց ճանաչելիությունն ու իսկության ստուգումը:
ՀՀ դրամագիտական արժեքներ
Բացի շրջանառու թղթադրամներից և մետաղադրամներից ՀՀ կենտրոնական բանկը թողարկում է պետական և պատմամշակութային կարևոր իրադարձություններին, նշանավոր գործիչներին նվիրված հուշադրամներ, ազգային արժեքներն արտացոլող շրջանառու հիշատակային մետաղադրամներ և ներդրումային դրամներ։
2017 թ․ նոյեմբերի 22-ին՝ հայկական դրամի ներդրման 24-ամյակի կապակցությամբ թողարկվել է «Նոյյան տապան» հավաքորդական թղթադրամը՝ 500 դրամ անվանական արժեքով։